Ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պարզությամբ Հայաստանը գրեթե չի զիջում Սինգապուրին: Մայիսի 13-ին խորհրդարանում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցին: Օրինագիծն առաջարկում է ապրանքաշրջանառության ծավալների վերահսկման նպատակով մի շարք սննդային եւ ոչ սննդային ապրանքների (կաթնամթերք, պտուղ-բանջերեղենային պահածոներ, սուրճ, դիմահարդարման միջոցներ) դրոշմավորում իրականացնել: Միրումյանի համոզմամբ, նոր ընթացակարգի կիրառությունը խոչընդոտ չի լինի բիզնեսի զարգացման համար:

«Կցանկանայի նշել, որ Հայաստանը ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պարզությամբ կարող է Սինգապուրի հետ համեմատվել: Տարբերությունները միայն աշխարհագրական գործոններով են պայմանավորված: Հայաստանում տրանզիտային փաստաթղթերն առանձին ընթացակարգ են պահանջում, իսկ Սինգապուրում տրանզիտ գոյություն չունի»,- մեկնաբանել է Վախթանգ Միրումյանը: