«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձեւավորման հիմնական նպատակը հանքարդյունաբերությանը հակակշիռ ապահովելն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, «Հայաստան- Կովկասում պահպանվող տարածքների համար խարհրդատվական ծառայությունների մատուցման» մրցույթի նախաորակավորման փուլն հաղթահարած կազմակերպություններից մեկի` GITEC-ի ներկայացուցիչ Շտեֆեն Վեիդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ GITEC-ի տեղական գործընկերների ներկայացուցիչները եւ Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ:
«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի մրցութային փաթեթը փոխանցվել էր գերմանական KfW բանկին, որն էլ 2013թ. սեպտեմբերի 25-ին հայտարարել էր ծրագրի իրականացման խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթ: Ծրագրի նպատակն է ՀՀ Սյունիքի մարզում բնական պաշարների եւ պահպանվող տարածքների կայուն կառավարումը, տեղի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը եւ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանումը:
Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ Սյունիքը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ ու բնական պաշարներով եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձեւավորման հիմնական նպատակը հանքարդյունաբերությանը հակակշիռ ապահովելն է: Ներկայացնելով մրցույթի ընթացակարգը՝ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ մրցութային փուլն ուշ է սկսվել, քանի որ լուրջ աշխատանք է տարվել տեղնիկական առաջադրանքի մշակման ուղղությամբ:
GITEC կազմակերպությունը ցանկություն էր հայտնել այցելել Սյունիքի մարզ` մրցույթի տեխնիկական եւ ֆինանսական առաջարկները ներկայացնելուց առաջ կենսոլորտային համալիրի առանձնահատկություններին տեղում ծանոթանալու համար:
Կողմերը գոհունակություն հայտնելով հանդիպման արդյունքերից՝ նախանշեցին աշխատանքների հետագա ընթացակարգը:




























