Պետությունը հաշվիչ-դրամարկղային մեքենաներից հրաժարվելու մտադրություն չունի: Այս հայտարարությամբ խորհրդարանում հանդես է եկել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով, այդ մեքենաներն ու դրամարկղային կտրոնները մանրածախ առեւտուրը վերահսկելու հնարավորություն են ընձեռում: Դրանք, որպես գործիք, չեն հատվում մյուսների` վերահսկողական դրոշմների եւ հարկային ստուգումների հետ: Դրոշմները մեծածախ առեւտուրն են կարգավորում: «Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, ապա դրանք էլ կարող եք խախտումներ վեր հանել, եթե կոնկրետ սուբյեկտի մոտ իրականացվող ստուգումն օպերատիվ բնույթ ունի: Ընդհանուր առմամբ հարկային ստուգումները վերհանումների մակարդակով զիջում են առաջին երկու գործիքներին: Մենք երեք մեխանիզմներն էլ կիրառում ենք, պարզապես յուրաքանչյուրը կիրառության իր ժամանակն ունի», - նշել է Վախթանգ Միրումյանը:
Հիշեցնենք` ապրանքային դրոշմները 2013թ. հուլիս ամսից են կիրառվում` շրջանառության ծավալների վերահսկման նպատակով: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխության նախագիծն առաջարկում է նոր` ինչպես մթերային, այնպես էլ` ոչ մթերային ապրանքացանկով ընդլայնել դրոշմների կիրառության նոմենկլատուրան:




























