Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ եւ որ նրանք դատապարտված են քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար:

Հայտարարության մեջ նշվում է."Աղվան Հովսեփյանը առանձնացնելով քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանին եւ Շմավոն Գալստյանին նրանց օրինակով փորձել է ապացուցել, որ բանտերում գտնվող բոլոր 14 քաղբանտարկյալներն էլ դատապարտված են կոնկրետ քրեական հոդավածներով եւ ամենապարզ քրեական հանցագործներ են":

«Հարկ է նշել, որ աշխարհում ոչ մի բռնապետական երկիր առ այսօր չի ընդունել քաղբանտարկյալներ ունենալու փաստը և այս առումով Հայաստանը բացառություն չէ: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն այս կապակցությամբ հարկ է համարում հայտարարել, որ աշխարհում որպես ոչ ժողովրդավար երկիր ճանաչված ՀՀ դատախազը չէ, որ քաղբանտարկյալներին պետք է որպես քաղբանտարկյալներ ճանաչի: Առավել եւս այն դատախազը կամ դատախազները ովքեր աշխատում են ստալինյան ժամանակների դատախազ Վիշինսկու արժեքներով ու չափանիշներով, որոնց համաձայն՝ կարեւորը դատապարտման ենթակա մարդու գոյությունն է, իսկ քր. օրենսգրքում համապատասխան հոդվածներ միշտ էլ կգտնվեն: Ովքեր նախընտրական շրջանում ընդդիմադիր թեկնածուի թիմակիցների ու նրանց շրջապատի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ծավալելու գրավոր հրահանգներ են իջեցնում իրենց ենթակա կառույցներին: Ովքեր հենց իրենք են օրինապահ քաղաքացիներին քաղբանտարկյալներ դարձնում: Ովքեր քաղաքական իշխանության պատվերով, առանց խղճի խայթի եւ առանց օրենքի տառի եւ ոգու հետ հաշվի նստելու, ձերբակալում, կալանավորում, խոշտանգում եւ տարիների ազատազրկման են դատապարտում բացարձակապես անմեղ մարդկանց, հաշվի առնելով միմիայն նրանց քաղաքական կողմնորոշումները եւ ընտրությունների ընթացքում ընդդիմադիր թեկնածուի թիմում հանդես գալը:

ՀՀ դատախազի անմիջական մասնակցությամբ ու մեղքով են նաեւ 14 քաղբանտարկյալներն առ այսօր գտնվում ազատազրկման վայրերում եւ հենց նրա ցուցումով ու մասնակցությամբ են դատապարտման ենթակա քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի համար քր. օրենսգրքից կամայական հոդվածներ ընտրվել: Հայաստանը ե՛ւ միջազգային հանրության, ե՛ւ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ու կառույցների կողմից ճանաչված է երկիր, որն ունի քաղաքական բանտարկյալներ եւ մարդուն արհեստականորեն կցված հոդվածը չէ, որ նրան թույլ է տալիս հանդես գալ կամ համարվել քաղբանտարկյալ, այլ այն հրապարակային քաղաքական գործունեությունը, որ մարդը ծավալել եւ ծավալում է»,- ասված է հայտարարության մեջ: