Երեւանի շուրջ կարող է շրջանցիկ վճարովի ավտոմայրուղի հայտնվել: Մայիսի 13-ին այս մասին լրագրողներին հայտնել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար Արթուր Սարգսյանը: Մայրուղին Հայաստանի հյուսիսային եւ հարավային սահմանները ճանապարհային ցանցով կապող «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում է կառուցվելու:
Համաձայն միջազգային ստանդարտների, վճարովի ճանապարհը այլընտրանքային տարբերակ է ունենալու` ներքաղաքային ճանապարհների տեսքով: «Որակական մեծ տարբերություններ չեն լինելու: Հարցը միայն արագությանն է վերաբերում. վճարովի մայրուղին արագընթաց է լինելու, առանց 60կմ/ժ սահմանափակման»,- նշել է Արթուր Սարգսյանը` հավելելով, որ նախագիծը կարող է գրավիչ լինել ներդրողների համար նաեւ մայրուղու տեղադրության շնորհիվ: Մասնավորապես, այն «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ է անցնելու:




























