Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց  Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝  համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթեց նոր պաշտոնում:

Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ փոխվարչապետը նշեց, որ նա պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին եւ վստահություն հայտնեց, որ նրա  փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն  նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար:  Նորանշանակ մարզպետին նա արդյունավետ աշխատանք մաղթեց՝  հույս հայտնելով, որ համայնքների ղեկավարների, մարզային կառույցների հետ  համագործակցաբար կհաջողվի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր կյանքի կոչել: Փոխվարչապետն ընդգծեց, որ մարզի խնդիրները գտնվելու են կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը շարունակվելու են: