Կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը միջանկյալ որոշում է, որն ունի եւ լավ, եւ վատ կողմեր: NEWS.am-ի հետ զրույցում նոր օրինագծի վերաբերյալ նման կարծիք հայտնեց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

«Սա միջանկյալ որոշում է, որն ունի լավ եւ վատ կողմեր: Լավ կողմն այն է, որ այն խառնաշփոթը, որը առաջացել էր, թե գործատուն ինչպես վարվի, փոխանցի, թե չփոխանցի, վերացվեց: Հիմա հստակ ասվում է, որ եթե աշխատողը դիմում է, ապա գործատուն պահումներ չի անում: Դիմումներ գրելու էլ երկու ձեւ է կառավարությունն առաջարկում, որը նույնպես ողջունելի է՝ առձեռն եւ փոստով: Վատ կողմն էլ այն է, որ հունվարի 1-ից պահված գումարները հետ չեն վերադարձվելու: Իսկ թե ինչ է լինելու այդ գումարների հետ, դեռ պարզ չէ»,- ասաց Գեւորգը:

Նրա խոսքով՝ իրենց ներկայացրած հինգ կետանոց պահանջում հենց այս հարցերն էին բարձրաձայնված:

«Մենք հստակ ասել էինք, որ պահված գումարները պետք է վերադարձվեն, իսկ ֆոնդեր չպետք է ընտրվեն: Բայց նոր օրինագծում պետությունն իր բյուջեից գումար է փոխանցելու ֆոնդերին, ինչը նշանակում է, որ պետությունը փող է փոխանցում մասնավորին, անկախ ամեն ինչից՝ քաղաքացին մասնակցում է յաս համակարգին, թե ոչ»,- նշեց «Դեմ եմ»-ի անդամը:

Գեւորգը կոչ է անում բոլորին, հատկապես պետական կառույցներում աշխատող քաղաքացիներին դիմումներ գրել եւ թույլ չտալ պահումներ կատարել, եւ նորից հիշեցնում՝ «Դեմ եմ»-ը նրանց կողքին է:

«Պայքարը սրանով չի ավարտվելու, մարդկանց գումարները դեռ պետք է հետ վերադարձվեն: Հիմա այն փուլում ենք, որ ամեն մարդ պետք է ոտքի կանգնի իր իրավունքների համար: Համոզված եմ, որ այն ուսուցիչները, որոնք եկել էին կրթության եւ գիտության նախարարության մոտ, հաստատ դիմում կգրեն: Իսկ ճնշումներ մենք թույլ չենք տալու»,- ավելացրեց Գեւորգը՝ ընդգծելով, որ առջեւում օրենքում մշակում կա, որն ավելի երկարաժամկետ է լինելու:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 13-ին, Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ` ի դեմս ՀՀԿ-ի, հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին կառավարության ներկայացրած օրինագծին: Քվեարկությանը կողմ է արտահայտվել 68 պատգամավոր, դեմ` 12, եւ եւս 36-ը` ձեռնպահ: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ձեռնպահ են քվեարկել, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ: