Հայաստանի պետական ծառայողներից չեն պահանջում կուտակային կենսաթոշակային համակարգում մնալ: Այս մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով, կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը թույլ է տալիս հայտարարագիր ներկայացնել` համակարգից դուրս գալու նպատակով: «Յուրաքանչյուր քաղաքացու կամարտահայտումը, անկախ գործատուի անձից, ընդունվելու է», - հայտարարել է նախարարը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո (առաջինը մայիսի 13-ին է ընդունվել), օրենքը մինչեւ սեպտեմբերի 30-ը գործողության մեջ է լինելու: Մինչ նշված ժամկետը կառավարությունը պետք է խորհրդարանին կենսաթոշակային համակարգի ճակատագիրը որոշող վերջնական օրինագիծ ներկայացնի:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերջնական խմբագրումը պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը ընդունվի` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճիռը, որով օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են ճանաչվել: