Պետությունը կհամաֆինանսավորի անգամ հրաժարված քաղաքացիների կուտակային կենսաթոշակները, մայիսի 14-ին լրագրողներին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը USAID/PRIP ծրագրի (Կենսաթոշախային բարեփոխման ներդրման ծրագիր) ուսումնասիրությունը ներկայացնելով:

Նա նշել է, որ նոր օրինագծի համաձայն՝ կենսաթոշակային համակարգից դուրս գալ ցանկացողները կդադարեն կուտակային վճարումներ կատարել, բայց պետությունը, այսպես թե այնպես, կշարունակի նրանց համար վճարումները:

«Այդ գումարները քաղաքացիների օգտին կաշխատեն: Իսկ ՍԴ-ն պետական վճարումները հակասահմանադրական չի ճանաչել», - հայտարարել է նախարարը:

Նա նշել է, որ կենսաթոշակային տվյալների բազա տեղեկություններ են ստացվում քաղաքացիների աշխատավարձերի եւ այն մասին, թե ինչ վճարումներ կկատարեին, եթե մասնակցեին համակարգին: Նույն չափի վճարում (աշխատավարձի 5%) պետությունը կփոխանցի ավտոմատ:

Հիշեցնենք, 2014թ. քաղաքացիների կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 20,6 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար):

Ապրիլի 2-ին ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ: Ապրիլի 28-ին կառավարությունը խորհրդարան օրինագիծ էր ներկայացրել՝ ըստ որի պարտադիր կուտակայինը փոխարինվել էր կամավորով: Մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է պատրաստ լինի օրինագծերի ամբողջական փաթեթը՝ ՍԴ պահանջներին համապատասխան: