Ելնելով Ադրբեջանի վարքից, Հայաստանում անհրաժեշտ է անհապաղ արտնություններ սահմանել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարել է Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նա հավելել է, որ նոր էներգաբլոկի շինարարությունը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է: «Հաշվի առնելով ներկա իրավիճակը, անհրաժեշտ է  որքան հնարավոր է շուտ ավարտել նախագիծը: Իմ անձնական կարծիքը այսպիսին է. կարելի է նաեւ քննարկել ԱԷԿ-ի շինարարության համար արտոնությունների հարցը: Հնարավոր է, մենք ստիպված լինենք գնալ այդպիսի քայլի»,-ասել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը հայտարարել է խորհրդային տարիներին սկսված ԱԷԿ-ի շինարարությունն ավարտին հասցնելու պետության պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ կլինի 3-4 տարի:

Հայկական ատոմակայանը կառուցվել է 1980 թվականին, որի շահագործման ժամկետն ավարտվել է 2010 թվականին: 1989-95 թվականներին ԱԷԿ-ը չի գործել: Ելնելով դրանից, շահագործման ժամկետը որոշվել է երկարաձգել մինչեւ 2016 թվականը: Քանի որ ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը դեռեւս գտնվում է շատ անորոշ փուլում (հայտնի չեն ոչ դոնորները, ոչ ժամկետները), կառավարությունը որոշել է կայանի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով:

Հայկական ԱԷԿ-ի շինարարությունը գնահատվում է 4-5 մլրդ դոլար: