«Ճանաչում, փոխհատուցում, , իրավունքների վերականգնում. ահա՝ ինչի պետք է հասնի Երեւանը։ Ահա, թե ինչի մասին պետք է խոսեր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վուդրո Վիլսոնի շիրիմին այցելելիս»,- Երեւանում մեկնարկած ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբերի խորհրդաժողովում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա ընդգծել է, որ Անկարայի հետ Երեւանի կողմից նախաձեռնված երկխոսությունը ավելացրեց Հայաստանի դեմ ծառացած խնդիրները, մեծացրեց նրա հակառակորդների «ճակատը»։ Նրա խոսքով, Հայաստանը դարձել է իր իսկ կողմից նախաձեռնված գործընթացի գերին եւ պետք է դուրս գա այդ գերությունից։ Սակայն, ընդգծել է Ռուստամյանը, դա այնքան էլ հեշտ չի լինի։ «Հայ-թուրքական գործընթացով հետաքրքրված են աշխարհի բոլոր խաղացողները»,- նշել է նա։ Խորհրդարանականն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստրագրությունները հետ կանչելն է։ «Ես վստահ եմ, որ ոչ ոք Երեւանին չի մեղադրի դրա համար, քանի որ բոլորը հասկանում են, որ Անկարան խոսում է նախապայմանների լեզվով»,- նկատել է նա։
Ռուստամյանը նաեւ ընդգծել է, որ Անկարայի հետ հարաբերություններ կառուցելով՝ Երեւանը պետք է գիտակցի, որ Թուրքիան չի փոխվել, չեն փոխվել նրա պլաններն ու ռազմավարությունը։
Նրա խոսքով, հայ ժողովուրդն այսօր բաժանված է երկու մասի՝ նրանց, ովքեր կարծում են, որ Հայաստանը չպետք է զարգանա զիջումների հաշվին եւ նրանց, ովքեր կարծում են, որ երկրի զարգացումը հնարավոր է միայն փոխզիջումների հաշվին։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է զարգանա՝ չանտեսելով իր ազգային շահերը եւ արժեքները։ Եթե հայ-թուրքական սահմանը պետք է բացվի վերջիններիս հաշվին, ապա ավելի լավ է, որ այն փակ մնա»,- ամփոփել է դաշնակցականը։
Նշենք, որ սա ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբերի՝ Երեւանում եւ Ստեփանակերտում կազմակերպած երրորդ խորհրդաժողովն է։ Դրան մասնակցում են «Հայ դատի» հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդաժողովի նպատակը՝ միջազգային վերջին իրադարձությունների ֆոնին «Հայ դատի» ռազմավարությունը եւ հետագա գործողությունները քննարկելն է։ Խորհրդաժողովի օրակարգային հարցերից են 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման, ինչպես նաեւ Արցախի հզորացման հարցերը։




























