Մայիսի 7-ին Ջերմուկում բացվել է «Գիտության զարգացման հիմնահարցերը ՀՀ-ում» գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ գիտության պետական կոմիտեից, գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը եւ ԵրՃՇՊՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանը:

Կ. Հայրապետյանն իր զեկույցում անդրադարձել է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, թեմատիկ եւ նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության եւ գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձեւավորման, գիտական ծրագրերի եւ հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձեւավորման եւ աշխատանքի կազմակերպման կարգերին:

Նախատեսվում են նաեւ ընդարձակ քննարկումներ գիտության զարգացման ռազմավարության, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթների մասին: Նիստերում անդրադարձ կլինի Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:

Գիտաժողովին հրավիրված են ոլորտին առնչվող կառավարական մարմինների, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչներ: