Moviken ֆրանսիական ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի հետ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված տեղեկատվական համակարգերի ոլորտում համագործակցության հնարավորություններն է քննարկել: Այս մասին Հայկական զարգացման գործակալության կողմից կազմակերպված հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ժան-Կլոդ Դեգանը:
«Մենք հասարակական տրանսպորտի համար տեղեկատվական համակարգեր ենք ստեղծում: Դրանք արդեն ներդրվել են մի շարք խոշոր եվրոպական քաղաքներում` Լոնդոնում, Բրյուսելում, Մարսելում, Ստրասբուրգում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում` Դուբայում, Էր-Րիադում: Մենք նաեւ արեւային սնուցմամբ տեղեկատվական տերմինալներ ենք արտադրում: Իսկ մեր էներգախնայողության համակարգերը սեփական ածխաջրածնային պաշարները չունեցող Հայաստանին հաստատ պետք կգան», - նշել է Դեգանը:
Նշենք, որ 2013թ. ամռանը Երեւանի տրանսպորտի համար կառավարման համակարգեր էր առաջարկել նաեւ վրացական AzRy: Շատ է խոսվել այն մասին, որ նմանատիպ համակարգ կարելի է նաեւ Հայաստանում ստեղծել, սակայն մինչ այժմ այդ գաղափարը կիրառություն չի գտել:




























