Փակման եզրին կանգնած «Գյումրիի տեխնոպարկը» Գյումրիի զարգացման տնտեսական հիմնադրամի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ձեռնարկության մասնավոր բաժնետեր «Անալիտպրիբոր-1» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ժորա Ավետիսյանը` մեկնաբանելով տեխնոպարկի փակման մասին կառավարության այսօրվա որոշումը:
«Տեխնոպարկը, որի արժեթղթերի 50,98 տոկոսը մեզ է պատկանում, իսկ 49,02 տոկոսը` պետությանը, 2006թ.-ին է հիմնադրվել, բայց հետո էկոնոմիկայի նախարարությունում որոշել էին, որ հարկավոր է ուրիշ տեխնոպարկ հիմնել եւ զարգացնել: Մեր պարագայում միայն թղթի վրա գրված անունը մնաց: Մյուս հաստատությունը` «Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամը», սովորույթի համաձայն նույն կերպ` տեխնոպարկ են անվանում»,- մեկնաբանել է Ժորա Ավետիսյանը:
Նշենք, որ «Անալիտպրիբոր-1» ԲԲԸ-ն չափիչ սարքեր է արտադրում, հիմնականում` ռուսական նավերի համար:



























