ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանեց «Հայաստանի Էլեկտրական ցանցերին»` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույցներից մեկը չմիացնելու համար: Ինչպես ՏՄՊՊՀ նիստի ընթացքում նշեց Հանձնաժողովի վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը, խճուղու 1/3 շենքի բնակիչները տեղեկացրել են, որ արդեն 4 տարի է` շենքը հանձնվել է շահագործման, բայց հոսանք չունի:

Ըստ նիստին ներկայացած բնակիչերի, նրանք մինչ օրս չեն կարող վերջնականապես տեղափոխվել նոր բնակարաններ, քանի որ հոսանք «մեկ կա, մեկ չկա, մեզանից ոչ մեկը կանոնավոր բաժանորդ չի»:

Միացման պայմանագիրը «Էլցանցի» և կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ առկա է, սակայն փաստացի չի գործում, քանի որ «Միլլարը» ցանցին գումար է պարտք մնացել:

ՀԷՑ-ի ներկայացուցիչ Հովհաննես Պետրոսյանը վկայակոչել է ՀՀ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի անհատական որոշումը, որով, որպես այլընտրանքային տարբերակ, միացման վարձն առաջարկվել է վճարել բնակիչներին` 138 հազարական դրամ:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «ՀԷՑ»-ի այս պահանջն իրավաչափ չէ, քանի որ բնակիչները կապ չունեն կառուցապատողի պարտավորության հետ: Դրանից բացի, պարզ չէ, թե ինչու «Էլցանցը» 4 տարի չէր հայցում կառուցապատողի պարտքը, սակայն մասնակցել է շենքի հանձնման-ընդունման ակտի վավերացմանը:

«ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «ՀԷՑ» ՓԲԸ-ին 20 մլն դրամով, ինչպես նաև` հանձնարարել 7 օրում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր և հոսանքով մատակարարել ողջ շենքը` ներառյալ վերելակները և խմելու ջրի պոմպերը», - նշեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: