«Կուտակայինի վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրինագծով անձի մասնակցությունը դարձել է կամավոր, սակայն համակարգը մնացել է պարտադիր: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով մայիսի 15-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծին:

«Կառավարությունը ցանկանում էր փոփոխություններ կատարել միայն 76-րդ կետում, սակայն քաղաքացիների ճնշման արդյունքում միայն կառավարությունն ավելացրեց դիմումներ գրելու մասը: Սակայն կան վերապահումներ: Մասնավորապես ասում են, որ ովքեր չեն ցանկանում միանալ համակարգին, պետք է դիմում գրի: Սա իհարկե անտարամաբանական է, որովհետեւ դիմում պետք է գրվի այն քաղաքացին, որը ցանկանում է միանալ այս համակարգին: Կառավարությունն ընդամենը լուծում է գումարները մասնավոր ֆոնդին փոխանցելու հարցը: Կառավարությունը ներդնում է մի մեխանիզմ, որը հակասահմանադրական է»,- ասաց նա:

«Դեմ եմ»-ը համոզված է, որ այս օրինագիծը հաղթանակ չէ, իրենք պատրաստվում են նոր ակցիաներ կազմակերպել, քանի որ իրենց պահանջները կատարված չեն:

«Մենք մեր ձեռքով մեր լծակները տալիս ենք արտասահմանին, մեր պահանջն է նաեւ, որ պահված գումարները գնան մեր կառույցներին, ոչ թե արտասահմանյան ֆոնդերին: Պետք է շուտ մտածեինք այս մասին, որպեսզի այս վիճակին չհասնեինք»,- ավելացրեց «Դեմ եմ»-ի անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

Լրագրողների հարցին` արդյոք հնարավոր են ճնշումներ եւ հատկապես որ սեկտորի վրա` նախաձեռնության անդամ Լուսինե Վաթյանը պատասխանեց. «Չեն բացառվում ճնշումներ: Ճնշումների հետ կապված հարցերը եղել են խոցելի, քանի որ դեռ հունվարի մեկից են սկսվել ճնշումները: Հույս ունենք, որ քաղաքացիները իրենք կպայքարեն իրենց իրավունքների համար, իսկ մենք հանրայնացնելու ենք ցանկացած ճնշում»:

Տիգրան Մարտիրոսյանն էլ խորհուրդ տվեց դիմումներ ուղարկել փոստով:

Նշենք, որ այս օրինագիծը ժամանակավոր է, իսկ հիմնական օրենքը կլրամշակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը: