Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB) հետ համագործակցության շրջանակներում  Յունիբանկը սկսել է իրականացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Ելնելով հաճախորդների պահանջմունքներից եւ շուկայի առանձնահատկություններից, բանկը մշակել է «Շահավետ» եւ «Շահավետ+» երկու նոր վարկատեսակ, որոնց շրջանակներում ՓՄՁ-ներին կտրամադրի առավել մատչելի պայմաններով վարկեր, մասնավորապես` ցածր տարեկան տոկոսադրույքով` սկսած 9.9% -ից:  Վարկի գումարը կազմում է մինչեւ 1 000 000 ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` մինչեւ 60 ամիս:

Փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունը Յունիբանկի գործունեության առանցքային ուղղություններից  մեկն է: 2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 109 մլրդ դրամը, որից 52%-ը բաժին է ընկել փոքր եւ միջին բիզնեսին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն էլ ավելի կնպաստի ՓՄՁ-ների համար վարկային միջոցների հասանելիության մեծացմանը, դրանց գործունեության արդյունավետության եւ մրցունակության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ Յունիբանկի, IFC-ի եւ BSTDB-ի միջեւ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2013թ.-ի դեկտեմբերին: Համագործակցության պայմանագրի շրջանակներում, IFC-ն եւ BSTDB-ն Յունիբանկին հատկացրեցին 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորմանը: IFC-ն առեւտրի ֆինանսավորման նպատակով բանկին  հատկացրել է նաեւ 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, ինչպես նաեւ մատուցում է խորհրդատվական ծառայություններ ՓՄՁ-ների վարկավորման եւ ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման ուղղությամբ:

«Փոքր եւ միջին բիզնեսը մեզ համար հանդիսանում է զարգացման հեռանկարային ուղղություն: Յունիբանկը ՓՄՁ-ներին ամսական միջին հաշվարկով տրամադրում է 150 վարկ 3.8 մլրդ գումարի չափով: Միջազգային կառույցների միջոցներն ուղղվելու են բիզնեսի զարգացմանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա բանկին նպաստելու ձեռնարկությունների աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մեր նոր վարկատեսակները ուղղված են  բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը եւ վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկը հնարավորություն կտա առավել արդյունավետ աշխատելու այդ ուղղությամբ», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: