Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարվի ժողովրդի համար անընդունելի կուտակային կենսաթոշակներից եւ վճարովի կայանատեղիներից: Այս մասին մայիսի 16-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ պատգամավոր, ԱԺ էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Լսել եմ` մասնանումները եկամտահարկի մեջ ներառելու եւ այդ կերպ օրինականացնելու ցանկություն կա: Բայց այստեղ խնդիրներ են ծագում թե գործատուի, եւ թե աշխատողի համար: Գործատուի համար դա հավեկյալ բեռ է, որովհետեւ աշխատողի եկամուտներից մասհանումների հաշվարկը հենց իր` աշխատողի գործն է: Հիմա ստացվում է` ավտոմատ կերպով գործատուին պետք է վերագրվի, ինչը վերջինս ըստ օրենքի էլ կանի: Իսկ թե ինչ խնդիրներ կլինեն աշխատողի մոտ` բոլորին պարզ է», - ընգծել է պատգամավորը:
Միքայել Մելքումյանը հիշեցրել է, որ Հայաստանում 250-280 հազար մարդ միջին մակարդակի` 120-130 հազար դրամի չափով աշխատավարձ է ստանում: «Եթե որոշում ենք այդ մարդկանցից հավելյալ հարկ գանձել, ապա անհասկանալի է դառնում, թե ինչի հաշվին են նրանք ապրելու: Նույնիսկ նվազագույն աշխատավարձն է հարկվում, թեկուզ հայտնի է, որ կենսապահովման շեմից ցածր եկամուտը չպետք է հարկման ենթակա լինի», - նշել է նա:
«Մեր պարագայում հարկավոր է հրաժարվել հասարակության համար դժվար ու անընդունելի, մասնավորապես` կենսաթոշակների ոլորտի եւ վճարովի կայանատեղիների մասով բարեփոխումներից: Կամ էլ` հարկավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ժողովուրդն իր կամքով ընդունի դրանք», - հավելել է Միքայել Մելքումյանը:



























