ԲՀԿ պատգամավոր. Կուտակային կենսաթոշակների ուղղությամբ գումար ծախսելու փոխարեն կառավարությունն ավելի լավ է` փոքր բիզնեսն ազատի հարկերից: Այս մասին մայիսի 16-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ պատգամավոր, ԱԺ էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ կենսաթոշակային համակարգի ուղղությամբ` քաղաքացիներից ստացված պարտադիր մասնահանումների կուտակման համաֆինանսավորման տեսքով պետության ծախսերը շուրջ 21 մլրդ դրամ են կազմելու: Հետաքրքիր զուգադիպությամբ, մոտավորապես նունքան է կազմում փոքր բիզնեսից ստացվելիք` շրջանառության հարկի եւ արտոնագրային վճարների տեսքով մուտքերի պլանը:
«Այդ զուգադիպությունը հարմար առիթ է, սակայն նույնիսկ առանց դրա էլ հարցն ակտուալ է մնում. Եկեք չեղյալ համարենք այդ հարկերը: Ի՞նչ կստացվի: Փոքր բիզնեսի մոտ 68 հազար սուբյեկտ ունենք: Նրանցից յուրաքանչյուրին թեկուզ մեկ նոր աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կընձեռնվի: Որովհետեւ ամսական միջինը 40-50 հազար դրամ ենք ազատում: Այդ գումարը կամ նոր աշխատատեղի ստեղծմանը կուղղվի, կամ շրջանառության մեջ կդրի, ինչը կրկին անգամ կարող է թարմացնել տնտեսությունը», - մեկնաբանել է խորհրդարանականը` հավելելով, որ նոր աշխատատեղերից ստացված եկամտահարկներն անգամ հրաժարված հավաքագրումներից բարձր կլինեն:
Առաջարկվող քայլն այնքանով է արդիական, որ վերջին տարիներին փոքր բիզնեսի համար ստեղծված պայմանները գնալով ավելի բարդ են դառնում: 2,5-3 տարիների ընթացքում Հայաստանում գործող մանրածախ առեւտրի կետերի քանակը 19,5 հազարից 13,5 հազարի է հասել, նկատել է պատգամավորը:
Հիշեցնենք` մայիսի 15-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակումներին, որոնք կուտակային կենսաթոշակային մասհանումները կամավոր են դարձնում` մինչեւ կենսաթոշակային բարեփոխման վերջնական ճակատագիրը որոշող նոր կառավարական օրինագիծը կներկայացվի:




























