Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ մայիսի 16-ին այցելել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի «Արմենակ եւ Աննա Թադեւոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, նորագույն սարքավորումներին:

Կառավարության ղեկավարը կարեւորել է երկրում նման հաստատությունների առկայությունը եւ ողջունել կենտրոնի հիմնման գաղափարը: Հովիկ Աբրահամյանը կենտրոնի ղեկավարներին կոչ է արել ներկայացնել պետության հետ համագործակցության ծրագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցությամբ իրականացնելու համար: Միաժամանակ, վարչապետը կարեւորել է հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հաստատությունը, որի կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար, հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները հնարավորություն ունեն նաեւ հանգստանալ իրենց համար հարմարեցված ննջասենյակներում:

Այնուհետեւ վարչապետն այցելել է Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ, որը նախատեսված է 92 երեխայի համար: Մանկապարտեզը հիմնանորոգվել, կահավորվել եւ բարեկարգվել է գերմանաբնակ բարերար Ռազմիկ Թադեւոսյանի տրամադրած միջոցներով:

Նշված աշխատանքների իրականացման համար ներդրվել է 160 մլն դրամ:

Վարչապետը շրջայց է կատարել նաեւ մանկապարտեզով՝ ծանոթացել նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին եւ մանկապարտեզի հիմնանորոգման նախաձեռնողներին՝ երեխաների համար նման բարձրակարգ պայմաններ ստեղծելու համար: «Սա մեծ բարեգործություն է եւ ազգանպաստ աշխատանք», - ասել է վարչապետը եւ նշել, որ նման մանկապարտեզներ պետք է բոլոր համայնքներն ունենան, եւ կառավարությունն ամեն ինչ անելու է նրանց այդ գործում աջակցելու համար:

Կառավարության ղեկավարը զրուցել է նաեւ Կոշի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել տարբեր հարցերի: «Կոշի բնակչությունը բավականին ակտիվ է եւ կարծես ըմբռնումով է մոտենում երկրում առկա խնդիրներին, ինչը շատ լավ է: Բոլորը պետք է հասկանան, որ դրանց լուծման համար ժամանակ է պետք: Մենք սկսել ենք այդ աշխատանքները եւ փորձելու ենք այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել մեր ժողովրդին, ազգաբնակչությանը, համայնքներին: Փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին եւ տալ համապատասխան լուծումներ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը»: