«Ժառանգություն»-ը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի տարած փառահեղ հաղթանակների կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«20-րդ դարում հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակներից երկուսը տեղի են ունեցել մայիսի 9-ին: Եթե դարասկզբին արնաքամ եղած մեր ժողովուրդը Սարդարապատում դիմադրեց իր վերջին ուժերի գերլարումով` վերջնական կործանման եւ ոչնչացման սպառնալիքի ներքո, ապա 65 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը ոչ միայն ցուցաբերեց անձնազոհություն և զանգվածային հերոսություն, այլեւ հաղթահարեց իր ներսում հարյուրամյակների ընթացքում արմատներ գցած հալածվածի եւ թույլի, պետականություն չընդունողի եւ իր եսի կամ իր ընտանիքի պատերի ներքո ծվարած անտարբերության, սեփական ուժերի հանդեպ թերահավատության բարդույթը` հաղթեց ինքն իրեն: Երկուսուկես միլիոնանոց սովետահայությունը շուրջ 650.000 քաջարի զինվորներ տվեց ռազմաճակատին: Պատմության մեջ Հայաստանը նվաճած որեւէ բանակ նման թվակազմ չի ունեցել: Ընդ որում, 1000 շնչին բաժին ընկնող բարձրագույն սպայական կազմի, հերոսի կոչում ստացած մարտիկների թվով հայերը Խորհրդային Միության մյուս ազգերի շարքում առաջինն էին: Սրանք որակներ են, որոնք մեզանում ոչ թե սնափառություն, այլ պատասխանատվության խորը զգացում պետք է առաջացնեն: Պատասխանատվություն` 18 տարի առաջ մեկ այլ` Արցախյան հերոսամարտում մեր տարած հաղթանակի արդյունքներին տեր կանգնելու հարցում: Շուշիի ազատագրումը հայկական ոգու եւս մեկ փայլատակում էր եւ մեր Մեծ անցավորները այդ օրը մերօրյա հերոսների հետ մեկտեղ կռեցին հաղթանակը:

Մայիսի 9-ը 20-րդ դարում երկու անգամ դարձավ հայ ժողովրդի աստեղային ժամը: Ցանկանանք բոլորիս, որ 21-րդ դարում, հաղթահարելով մեզանում այս օրերին գոյություն ունեցող անմիաբանությունը եւ փոխադարձ անհանդուրժողականությունը, ոչ միայն ամրագրենք ու հավերժացնենք մեր հաղթանակները, այլեւ ճանապարհ հարթենք դեպի նորանոր հաջողություններ»: