Երեւանի միջազգային օդանավակայանի հին շենքը չի կարող օդանավակայանի գործունեությանը ծառայել: Այս մասին մայիսի 17-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպված տոնական միջոցառմանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարկոս Վենդեն:

Նրա խոսքով, ներկայումս օդանավակայանի շենքի կառույցի ուսումնասիրություններ են ընթանում: «Շենքի ապագան Հայաստանի կառավարության որոշումից է կախված», - ընդգծել է գլխավոր մենեջերը` միաժամանակ կարծիք հայտնելով, որ հին շենքը օդանավակայանի աշխատանքի համար չի նախատեսված: «Իսկ մենք այստեղ օդանավակայանի շահագործմամբ ենք զբաղված: Մեր աշխատանքը օդանավակայանի գործունեությանն է նպատակաուղղված», - նշել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հայաստանի կառավարությունը համաձայնություն են տվել «Զվարթնոց» օդանավակայանը կոնցենսիոն հիմունքներով շահագործող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի 2013-2017թթ. մաստեր-պլանին, որտեղ առաջնայնությունների շարքում հին շենքի քանդումն է:

Հայաստանի կառավարության եւ «Կորպորասյոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջեւ 2002թ. կնքված կոնցենսիոն պայմանագրի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի շահագործմանն է հանձնվել:

Օդանավակայանի հին շենքը թռչող ափսեի նմանությամբ աշտարակն է, որն իր տեսքով ողջ աշխարհում է հայտնի: Բացի կոնցեսիոներից, հանրապետությունում բոլորը դեմ են արտահայտնել շենքի քանդման գաղափարին` այն համոզմամբ, որ այն Երեւանի խորհրդանիշներից մեկն է հանդիսանում: