Ի հեճուկս տնտեսական անարդար պատժամիջոցների եւ ենթակառույցների վրա ահաբեկչական խմբավորումների հարձակումների՝ Սիրիայի տնտեսությունը շարունակում է վերականգնվել, հայտարարել է Սիրիայի վարչապետ Վայիլ Ալ Խալքին` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:
Նա ընդգծել է, որ կառավարությունը շարունակում է անվճար սոցիալական եւ հումանիտար ծառայություններ մատուցել, ժամանակին վճարվում են աշխատավարձերը եւ թոշակները, փոխանցում է Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:
Վարչապետը նշել է, որ մի շարք նահանգներում կենսական մի քանի կարեւոր տնտեսական նախագծեր են իրականացվել: Ալ Խալքին ընդգծել է, որ ոմանք փորձում են հումանիտար հարցն օգտագործել Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, ՄԱԿ-ում մի շարք պատասխանատու անձինք կոչ են անում օգնությունը տեղ հասցնել Սիրիայի հարեւան երկրներով` առանց վերջինիս իշխանությունների հետ համաձայնության: Սիրիայի վարչապետն ընդգծել է, որ տվյալ գործողությունները հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին: Ալ Խալկին նաեւ խոստացել է, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը` փախստականների եւ տեղահանվածների տառապանքները մեղմելու համար:



























