Հայաստանի առեւտրային բանկերը չեն կարող իրենց թույլ տալ առանց կանխավճարի հիփոթեքային վարկեր տրամադրել: Այս մասին  մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԿԲ-ի  նախագահ   Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ այժմ կանխավճարը միջինը  20-30% է:

Նշենք, նախաճգնաժամային մակարդակը մի փոքր բարձր էր, 2008թ. այն վերելք էր ապրել, հետո սկսել էր նվազել:

Այնուամենայնիվ, ըստ Ջավադյանի, շատ ցածր կանխավճարը (10-15%) կամ դրա բացակայությունը վտանգ կստեղծեր. անշարժ գույքի շուկայում իրացվելիության տատանումները կարող են հարվածել բանկերին, հետեւաբար նաեւ` տնտեսությանը: 2008թ. ճգնաժամից հետո ամբողջ աշխարհում  կանխավճարի «անվտանգության բարձիկը» կազմում է 30%, նշել է Ջավադյանը:

«Այժմ մենք բավականին կայացած հիփոթեքային շուկա ունենք, այդ թվում` պետության ներդրումների շնորհիվ», - նշել է Ջավադյանը:

Հիշեցնենք, որ այդ ծրագրերի շրջանակներում «Ազգային հիփոթեքային ընկերությունը» եւ  «Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը վերաֆինանսավորում են բանկերի հիփոթեքային վարկերը: