ՀԱՊԿ-ն դեռ այնպիսի մակարդակի չի հասել, որ նրա ճյուղերից մեկի որեւէ խնդիր ազդի ամբողջ կառույցի վրա. Դրա համար այն շատ երկար ճանապարհ պետք է անցնի, ասել է Հայաստանի Ատլանտյան ասոցիացիայի տնօրեն Թեւան Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ:
«Այսօր Բելառուսն ունի իր շահերը, որոնք միայն Ռուսաստանի հետ են կապված, եւ այստեղ դաշինքի մյուս անդամների շահերը կարեւոր չեն: Դրա համար էլ Մինսկը ջանում է ինչ-որ ձեւով այդ հարցերը բարձրացնել, ճիշտ այնպես, ինչպես Ուզբեկստանը», ասել է Պողոսյանը` պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին պայմանագիրը ստորագրելուց Բելառուսի եւ Ուզբեկստանի հրաժարվելու հանգամանքն ինչ որ ձեւով ազդել այդ կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամության վրա: Պողոսյանի կարծիքով, ներկա պահին «չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, քանի որ ամեն ինչ կառուցված է հետեւյալ սկզբունքով` Ռուսաստանը կենտրոնում է, մնացած բոլորը ձգտում են կարգավորել իրենց հարաբերությունները նրա հետ»: Այս համատեքստում նա նաեւ նշել է, որ ինչպես Բելառուսը, այնպես էլ Ուզբեկստանը «Ռուսաստանի հետ իրենց հարցերի լուծումը շուտով կգտնեն»։
Թղթակցի հարցին, թե ՀԱՊԿ երկու անդամների փոխհարաբերությունների սրումը եւ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին դեռեւս չստորագրված պայմանագրի առկայությունը չեն մղի արդյոք Հայաստանին` ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու, Պողոսյանը պատասխանել է. «Կարծում եմ, Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հոյակապ ձեւով համագործակցում է ԱԳԳԾ-ի (Անահատական գործակցության գործողությունների ծրագիր) շրջանակում, եւ այդ կառույցի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինեն ոչ միայն պաշտպանական, այլեւ ժողովրդավարական, տնտեսական եւ այլ տեսակի բարեփոխումներ»:
Իսկ հարցին, թե կարող է արդյոք ՆԱՏՕ-ն երբեւէ Հայաստանի համար փոխարինել ՀԱՊԿ-ին, Թեւան Պողոսյանը նշել է, որ չնայած «կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդուհանդերձ` ամեն ինչ հնարավոր է»։ Փորձագետը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է տեղի ունենա, որ Հայաստանը ՀԱՊԿ-ն փոխարինի ՆԱՏՕ-ով, ապա հարց տվել` «եթե մի օր Ադրբեջանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Հայաստանն ինչ պետք է անի»։ Պողոսյանը միաժամանակ հայտարարել է, թե քանի որ այսօր նման խնդիր չկա, ուրեմն Հայաստանը կարող է ուժային երկու դաշինքների հետ էլ շարունակել իր կառուցողական քաղաքականությունը:
«Իմ կարծիքով, Հայաստանը` հենվելով իր կոմպլեմենտարության քաղաքականության վրա, ճիշտ ուղու վրա է կանգնած», ընգծել է Թեւան Պողոսյանը` նշելով, որ 2008 թվականին Հայաստանում անցկավել են ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունները Անդրկովկասում:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ մասնակից երկրների առաջնորդները ստորագրեցին համաձայնագիր Արագ արձագանքման հավաքական ուժեր (ԱԱՀՈւ) ստեղծելու մասին: Փաստաթուղթը չեն ստորագրել Բելառուսը եւ Ուզբեկստանը:



























