Մայիսի 7-ին Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Արմավիրի մարզում վերակառուցվող բժշկական կենտրոն, որը նախատեսվում է առաջիկայում շահագործման հանձնել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարությունից, այցին ներկա է եղել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի բժշկական կենտրոնը հիմնանորոգվում, վերազինվում, կահավորվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքված պայմանագրի շրջանակներում:

Աշխատանքային այցի ընթացքում նախարարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, մանրամասն ուսումնասիրել վիրասրահների, հիվանդասենյակների, ախտորոշիչ սարքավորումների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Նախարարի դիտողությունները շինարարներին վերաբերում էին հիվանդների բուժօգնության մատուցման մատչելիությանն ու որակին:

Ինչպես Իջևանի բժշկական կենտրոնում, Արմավիրում ևս իրականացվելու է հեռահաղորդակցային խորհրդատվություն, հիվանդանոցի բժիշկները բարդ դեպքերում համացանցի միջոցով կապվելու են հանրապետության լավագույն բժիշկների հետ՝ հիվանդության ախտորոշման և բուժման հարցերում ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Արմավիրի բժշկական կենտրոնն ունենալու է նաև հեմոդիալիզի բաժանմունք: Տարածաշրջանի ավելի քան 30 հիվանդներն իրենց համապատասխան բուժօգնությունը կստանան տեղում, արդեն վերանորոգված, վերազինված, ժամանակակից սարքավորումների միջոցով: Նախարարի հերթական այցն Արմավիրի բժշկական կենտրոն նախատեսվում է երկու շաբաթից: