Դուք ի վերջո հավատալու եք ինձ: Մայիսի 20-ին խորհրդարանում ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:

«Ես հասկանում եմ` ձեր պլանների մեջ չի մտնում, որ նոր կառավարությունը կայանա: Եւ վարչապետի պաշտոնին իմ նշանակումը տակնուվրա է արել ձեր խաղաթղթերը: Բայց մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել: Կարող եք ձեր ընտրողներին ասել, որ դուք էլ պատրաստ եք մեզ հետ` հանուն մեր երկրի ապագայի աշխատել: Բայց եթե չեք ուզում` ձեր գործն է: Քննադատեք մեզ եւ հայհոյեք` եթե ինչ-որ վատ բան անենք: Իսկ մենք փորձելու ենք ամեն ինչ հնարավորինս լավ անել: Անել այնպես, ինչպես պլանավորել ենք: Այնպես որ ձեր ճակատագիրն է` հավատալ մեզ», - հայտարարել է վարչապետը:

Պատասխանելով Զուրաբյանի հարցին, թե ինչու է Հայաստանի ֆինանսերի նախարար, խոշոր գործարար Գագիկ Խաչատրյանին «կանաչ լույս» տվել, Աբրահամյանը նկատել է. «Գագիկ Խաչատրյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա այս տարիներին շատ մեծ բան է արել Պետեկամուտների կոմիտեի զարգացման համար: Ցավոք սրտի, հասարակությունը հաճախ պաշտոնյայի անձը նրա ենթակայության տակ գտնվող ողջ տեսչության հետ է նույնականացնում: Բայց մենք կհասնենք այդ մշակույթի փոփոխմանը: Տարբեր երկրներ, այդ թվում նաեւ` Մաքսային Միությունից, հիմա մեզնից  Պետեկամուտների կոմիտեի հաջող փորձն ուսումնասիրելու հնարավորություն են խնդրում: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսին, ապա նորից կրկնեմ` Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Հարությունյանը կամ Արմեն Գեւորգյանը` բոլորը պետք է ենթարկվեն կանոններին: Հենց այդ է եղել մեր նշանակման պայմանը, եւ մենք ընդունել ենք այն»: