Կառավարության ճնշող մեծամասնությունն ունի բիզնես եւ դա չի համապատասխանում վարչապետի արած հայտարարության օբյեկտիվ նախադրյալներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը տեղյակ չէ, որ որեւէ նախարար ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:
«Սա մտահոգիչ փաստ է, որովյհետեւ մեզանում ցանկանում են քողարկել հայտնի ճշմարտությունները: Հենց օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի՝ բիզնես ունենալու մասին տեղեկությունները: Բոլորը գիտեն, որ ֆինանսների նախարաը բիզնես ունի, բայց ինքը հերքում է դա: Կառավարության ճնշող մեծամասնությունն ունի բիզնեսներ եւ դա իհարկե մտահոգիչ է եւ չի համապատասխանում վարչապետի արած հայտարարության օբյեկտիվ նախադրյալներին»,- ասաց նա:
Քաղաքագետի բնորոշմամբ՝ միայն կառավարությունում այս պատկերը չէ. պատգամավորները նույնպես գործարարներ են, ինչը հակասում է Սահմանադրությանը: Թե ինչու է Հովիկ Աբրահամյանն այս դեպքում հայտարարում, թե ինքը կհեռացնի այն նախարարին, որը բիզնեսով կզբաղվի, Հմայակ Հովհաննիսյանն ունի իր տարբերակը. «Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ եղած ժամանակ վարպետացել է սոփեստությունների մեջ եւ իր հմտությունների պաշարով հասել է վարչապետի պաշտոնին: Պետք է հումորով վերաբերվել նմանատիպ հայտարարություններին»:
Նշենք, որ արդեն մի քանի անգամ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը բիզնեսում հավասար պայմաններ է ստեղծելու բոլորի համար եւ սկսելու է հենց իրենից եւ իր մերձավորներից:





























