Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագին վետերաններ,

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարգելի զինվորներ, սպաներ, գեներալներ,

Այս տարի տոնում ենք մի փառապանծ հոբելյան` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը, հաղթանակ, որի կերտման գործում նախկին ԽՍՀՄ ժողովուրդների հետ միասին իրենց նշանակալի ավանդն են ունեցել նաեւ արցախցիները: Ֆաշիզմի դեմ պայքարում նրանց ցուցաբերած սխրանքն ու խիզախությունը հայրենասիրության անգնահատելի դաս է սերունդների համար:

Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների հերոսական օրինակը ոգեշնչեց մեզ եւ կոչեց նոր հաղթանակների: Արցախյան ազատամարտում ձեւավորվեց ու կոփվեց ԼՂՀ պաշտպանության բանակը եւ քաջ հայորդիների սուրբ արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը: Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնվեց հայի ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ:

Այսօր գլուխ ենք խոնարհում հայրենիքի բոլոր նվիրյալների հիշատակի առջեւ: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մայիսյան հաղթանակների խորհուրդը, սիրել ու փայփայել մեր հայրենիքը, կառուցել հզոր ու բարգավաճ երկիր, լինել ուժեղ ու միասնական: Պարտավոր ենք ուշադիր եւ հոգատար լինել մեր զոհված քույրերի ու եղբայրների ընտանիքների, մեր վետերանների հանդեպ, նրանց կյանքը դարձնել ավելի լավ ու բարեկեցիկ:

Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ եւ բոլորիդ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն»: