Ազգային Ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծում է, թե Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագծում, որ պետք է ներկայացվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, չպետք է լինի աշխատողների կողմից դիմում ներկայացնելու միջոցով պահումներից հրաժարվելու ընթացակարգը: Այդ մասին Հակոբյանն ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հայտարարությունը:
Նրա խոսքով, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագծի քննարկումները դեռ ընթանում են, եւ վերջնական դրույթներն առայժմ հայտնի չեն, երբ լինի, կներկայացվի Ազգային ժողովում: «Հիմա կոնկրետ ոչինչ ասել նոր օրինագծի մասին հնարավոր չէ»,- նշել է Հակոբյանը եւ հավելել. «Կարծում եմ, որ նոր օրենսդրական փաթեթում դիմում գրելու պահանջը չպետք է լինի, որովհետեւ մենք սա արեցինք ժամանակավոր, մինչեւ վերջնական լուծում ստանալը: Այսինքն դիմումի ներկայացնելը ժամանակավոր լուծման ձեւն էր»:
Դիտարկմանը, թե հասարակության լայն շերտերը դեմ են կուտակային օրենսդրության մեջ արված այս եւ սպասվող փոփոխություններին, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Վարչապետն քանիցս ասել է, որ պատրաստ ենք քննարկելու, հանդիպեց «Դեմ եմ» շարժմանը: Չի կարող հասարակությունից թաքուն լուծում լինել: Այնպես պետք է լինի, որ հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի լինի»:
Նշենք, որ Արտեմ Ասատրյանը մայիսի 21-ին Ազգային ժողովում ասել էր. «Այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են ներկայացնում գործատուներին, եւ գործատուներն դրա հիման վրա իրականացնում են այդ պահանջը, այն է` չեն պահում, չեն փոխանցում այս ժամանակահատվածում, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ, դեռեւս չի հաստատվել ամբողջական նոր փաթեթը»:




























