ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության արդյունքներով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 225-րդ հոդվածի 1-ին մասերով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատախազության մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության, օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, օգոստոսի 5-ին մեղադրյալին և նրա պաշտպաններին հայտնվել է նախաքննության ավարտման մասին և ծանոթանալու համար վերջիններիս տրամադրվել են քրեական գործի ողջ նյութերը ու պատճեները: