Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով գտնվում է Մոսկվայում մասնակցելու համար Հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնակատարություններին, հարցազրույց է տվել ռուսական «Վեստի-24» հետուստաընկերությանը:
Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի խորհրդին, ՀՀ նախագահն ասել է. «Հաղթանակի օրը լուսավոր տոն է, ես պատկանում եմ հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն իր վրա չի զգացել պատերազմի դառնությունը, սակայն իմ մանկությունն անցել է այն տարիներին, երբ թարմ էին վերքեր, երբ շատ էին սևազգեստ կանայք, երբ ողջ ու առողջ էին իսկական հերոսները, դրանք այն տարիներն էին, երբ իմ փոքր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում արագ տեմպերով կառուցվում էին Մեծ հայրենականում զոհվածներին նվիրված հուշակոթողներ:
Տարին մի քանի անգամ այցելում էի զոհված ղարաբաղցիների հուշարձանին հանդիպում էի վետերանների հետ և այնտեղ առաջին անգամ ես հասկացա, որ պետք է պաշտպանել հայրենիքը, որ հայրենիքի պաշտպանությունը նշանակում է պաշտպանել ընտանիքդ, արժանապատվությունդ, երեխաներիդ ապագան, որ ցավոք սրտի այդ պաշտպանությունը զոհեր է պահանջում: Եվ հենց այդտեղ առաջին անգամ, ինձ մոտ հարցեր առաջացան, թե ինչու են մարդիկ կռվում միմյանց դեմ, ինչու են նույն ժողովրդի զավակները` նույն ժողովրդին տրամադրում մյուսների դեմ, ինչպես է լինում, որ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են էթնիկ զտումները, ցեղասպանությունները: Այդ պատճառով մայիսի 9-նն ինձ համար և’ տոն է և’ անցյալի մասին մտորումների օր»: Նա նշել է, որ մայիսի 9-ին բոլոր վետերանները Երևանում այցելում են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ գտնվում են Մայր Հայաստանի հուշարձանը, 2-րդ համաշխարհայինի թանգարանը և անմար կրակը` անհայտ զինվորի գերեզմանի վրա: «Դա ընդգծված հարգանք է, այդ մարդկանց հանդեպ: Իրականում այդ մարդիկ մեծ ջանքերի գնով հնարավոր դարձրեցին հայ ժողովրդի և ամբողջ Հայաստանի հետագա զարգացումը: Ցավոք վետերանների թիվը տարեցտարի պակասում է, այժմ Հայաստանում պատերազմի 3625 մասնակից կա»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե արդյո՞ք պետությունն անում է ամեն ինչ վետերանների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար, Սերժ Սարգսյանն ասել է. «Դժվար է ասել ամեն ինչ, բայց մենք շատ բան ենք անում, վերջինն ինչ արել ենք, ընդունել ենք կառավարության որոշում բոլոր վետերանների ավանդների վերադարձի մասին, որոնք նրանք կուտակել էին Խորհրդային տարիներին, շատերը ցավոք սրտի, դեռ չեն ստացել: Սա նյութական տեսանկյունից, կարծում եմ այսօր, վաղը գուցե 7-10 օրվա ընթացքում վետերանները մեզ մոտ կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում»: Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայ զինվորականները մասնակցելու են մոսկովյան շքերթին, նախագահ Սերժ Սարգսյանը դա համարել է բարձր պատիվ և պատասխանատվություն, նաև երբեմնի միասնության խորհրդանիշ:
Բացի այդ, Նախագահը նշել է, որ հետպատերազմյան առաջին շքերթի ժամանակ Կարմիր հրապարակում մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Իսկ Հատուկ գունդը ղեկավարել է բանակի գեներալ, հետագայում Մարշալ Բաղրամյանը, ինչը մեծ նշանակություն ունի: «Հայաստանը զգալի ներդրում է ունեցել հաղթանակի գործում, հայերի շատ սերունդներ են դաստիարակվել Խորհրդային Միության 119 հերոսների և փառքի 3-րդ աստիճանի 27 ասպետների օրինակով: Պատահական չէ, որ իմ այցը Մոսկվա սկսել եմ հայ ժողովրդի հանրահայտ զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ծովակալ Իսակովի շիրիմներին ծաղկեպսակ դնելով: Այդ մեծ պատերազմին մասնակցել է հայերի այն սերունդը, որն իր մաշկի վրա էր զգացել Հայոց ցեղասպանության անմարդկային դաժանությունները»,- ասել է նա:
Հարցին, թե ի՞նչ պետք է անեն այսօրվա առաջնորդները, որպեսզի արյունահեղություները չկրկնվեն, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հիշել, որ մարդկանց էթնիկ կամ ռասսայական խմբերի բաժանումը հանգեցնում է վատ հետևանքների: Սեփական բարեկեցությունը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրա, հիշել որ, յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրել և զարգանալ այնտեղ, որտեղ ապրել է հազարամյակներով, յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է ընտրի այն ուղին, որով ցանկանում է առաջ ընթանալ»:




























