Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռվել եւ հաղթել: Այդ մասին այսօր՝ մայիսի 9 -ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Հայրենական Մեծ Պատերազմի 65-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանի Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելուց եւ հարգանքի տուրք մատուցելուց հետո:
«Կարեւոր է, որ մենք այսօր վետերանների հետ միասին կիսում ենք մեր բոլորի ուրախությունը` Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակը»,- ասել է վարչապետը: Շնորհավորելով պատերազմի բոլոր վետերաներին եւ ողջ հայ ժողովրդին տոնի առիթով` նա ընդգծել է, որ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակը հայ ժողովրդի համար առանձնհատուկ խորհուրդ ունի. «Մենք խորհրդային ժամանակներում հարյուրավոր հերոսներ ենք տվել: Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռվել եւ հաղթել. համոզված եմ, որ այդ լիցքերն են մեր ծնողները հաղորդել նաեւ ղարաբաղյան պատերազմի մեր ազատամարտիկներին, որոնք նույնպես կարողացան իրենց հերոսաբար դրսեւորել արցախյան գոյամարտում»,- նշել է Սարգսյանը` հավելելով, որ հաղթանակները ոգեւորում են բոլորիս եւ լիցքավորում, որպեսզի ապագայում եւս շատ հաղթանակներ ունենանք:
Նշենք, որ այս տարի լրանում է Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարելիցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու տոնական արարողություններին: Կարմիր հրապարակում կայացած աննախադեպ շքերթին մասնակցել է նաեւ հայկական զինված ուժերի ստորաբաժանումը:




























