ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի անմիջական աջակցությամբ՝ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում ազատ են արձակել ամերիկացի երկու լրագրողուհիների: Փհենյան ժամանած Բիլ Քլինթոնը լրագրողների հետ միասին վերադարձել է ԱՄՆ: Լոս Անջելեսում լրագրողներին դիմավորել են հարազատներն ու մտերիմները, ինչպես նաև պետության առաջին դեմքերը: Քլինթոնը հայտարարել է, որ շատ երջանիկ է կանանց ազատագրելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր երախտիքն է հայտնել Քլինթոնին և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորին՝ լրագրողներին ազատագրելու համար: Նա այդ քայլը որակել է որպես, «չափազանց մարդասիրական ջանք»:
Նշենք, որ երեքշաբթի օրը ժամանելով Փհենյան, Բ. Քլինթոնը հանդիպել է այդ երկրի նախագահ Կիմ Չեն Իրի հետ, որից հետո հայտարարվել է, որ ամերիկուհի լրագրողներն ազատ են արձակվելու: Դեռեւս հայտնի չէ այդ զրույցի բովանդակությունը, սակայն Քլինթոնը խոստացել է Սպիտակ տան առջև հաշվետու լինել:
Վերլուծաբաններից շատերը կարծում են, որ լրագրողուհիների ազատագրման գինը թանկ է եղել. Հնարավոր է խոսք գնացած լինի նույնիսկ միջուկային ոլորտում որոշ զիջումների մասին: Սակայն ԱՄՆ պետքարտուղար, Բիլ Քլինթոնի կինը` Հիլարի Քլինթոնը հերքել է այդ խոսակցությունները:
Հիշեցնենք, որ լրագրողներ Լորա Լին և Յունա Լին ձերբակալվել էին մարտի 17-ին: Նրանք հունիսի 8-ին դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման` սահմանն ապօրինի անցնելու և Կորեայի դեմ թշնամական գործողությունների համար:



















