Մայիսի 9-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում սկսվել է «Salzburg global seminar» հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված սեմինարը՝ «Թուրքիան ի՞նչ, Եվրոպան ի՞նչ» խորագրով:
Ներգրավված են Թուրքիան ու ԵՄ-ն ներկայացնող մի շարք հեղինակավոր անձինք, այդ թվում՝ Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին, Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դավիդ Հանեյը, Կիպրոսի նախկին նախագահ Գեորգ Վասոս Վասիլիուն, Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդական, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ եւ Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Սուաթ Կինիկլիօղլին եւ այլոք: Կազմակերպիչները հրավիրել են սեմինարի մասնակից միակ հային` ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին: Բացման ժամանակ Գրիգորյանը կարճ ներկայացրել է հարցերի այն թեման, որը նա պատրաստել է քննարկման, այդ թվում՝ հայ-թուրքական արձանագրությունների ներկան ու ճակատագիրը, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունման հարցը, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ, հարաբերությունների զարգացման հարցերը:




























