Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախօրեին ընդունել է «Շանհայ EXSPO 2010»-ի կազմկոմիտեի անդամներին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի և տեղակատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է «Շանհայ EXSPO 2010» ցուցահանդեսին սփյուռքահայ ճարտարապետների մասնակցության հարցը: Խոսքը հատկապես վերաբերում է Ճարտարապետների համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկին` «Աշխարհի քաղաք» նախագծի իրականացմանը ներգրավել սփյուռքահայ ճարտարապետներին:

Կազմկոմիտեի անդամները հատկապես հետաքրքրված են եղել ճարտարապետների համահայկական համաժողովի և դրա արդյունքում ստեղծված «Հայ ճարտարապետների ընկերակցության», ճարտարապետների մասնագիտական ինտերնետային ցանցի աշխատանքներով, ՀՀ սփյուռքի նախարարության այլ գործառույթներով:

Ներկայացնելով ստեղծված ինտերնետային կայքը` Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ ճարտարապետներին շփվել միմյանց հետ, ներկայացնել նախագծեր և անցկացնել քննարկումներ: Նախարարը նշել է նաև, որ կայքը կարող է հրաշալի միջոց հանդիսանալ սփյուռքի մեր ճարտարապետներին դիմելու և «Աշխարհի քաղաք»-ի վերաբերյալ նրանց առաջարկությունները ստանալու համար: