Այսօր Անկրայաում կայանալու է Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, սակայն, նշել է, թե հանդիպմանը մասնակցելու է նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

Գործակալությունը, վկայակոչելով ՌԴ կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը բանակցությունները կսկսեն «տետ-ա-տետ» ձեւաչափում, իսկ ավելի ուշ նրանց կմիանա նաեւ Բեռլուսկոնին: «Նրա մասնակցությունը բանակցություններին կապված է համատեղ էներգետիկ նախագծերի հետ, առաջին հերթին` „Հարավային հոսքի“»,- նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղն անցնելու է Նովոռոսիյսկից դեպի բուլղարական Վառնա Սեւ ծովի հատակով: Նախագծի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 25 միլիարդ եվրո: