2013թ. պետաշխատողների աշխատավարձային ծախսերն աճել են 17%-ով: Այս մասին ասված է 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունում, որի շուրջ մայիսի 26-ին քննարկումներ են ընթանում խորհրդարանում:
Բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 142,9 մլրդ դրամ կամ պլանի 90,8%-ը:
Ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2013թ. կազմել է 26,8%՝ պլանային 25,4%-ի համեմատ: 2012-ի մակարդակը կազմել էր 25,2%: Ընթացիկ ծախսերին ուղղվել է 1,015,4 մլրդ դրամ (ծախսերի 88,8%-ը), ոչ ֆինանսական ակտիվների հետ կապված գործողություններին՝ 127,5 մլրդ (11,2%):
Կենսաթոշակների եւ նպաստների ծախսը կազմել է 294,9 մլրդ դրամ (ընթացիկ ծախսերի 29,9%-ը կամ 712 մլն դոլար), որից 198,3 մլրդ դրամը կենսաթոշակների, 96,7 միլիարդը՝ նպաստների ծախսերն են:
Պետգնումներին հատկացվել է 215,4 մլրդ (520 մլն դոլար, ընթացիկ ծախսերի 21,2%-ը), պետծառայողների աշխատավարձի համար 101 մլրդ (9,9%): 2012թ., համեմատ պետգնումների ծախսն ավելացել է 5,2%-ով, պետաշխատողների աշխատավարձային ծախսը՝ 17,1%-ով:
Դոտացիաները կազմել են 122,8 մլրդ դրամ (297 մլն դոլար, ընթացիկ ծախսերի 12,1%-ը), այդ թվում՝ համայնքներին աջակցությունը՝ 45,6 մլրդ:
Պետպարտքի համար հատկացվել է 46,7 մլրդ դրամ (113 մլն դոլար, ընթացիկ ծախսերի 4,6%-ը), որից 29,9 –ը՝ ներքին, 16,8 – ը՝ արտաքին պարտքի համար: 2012թ. համեմատ պետպարտքի ծախսն ավելացել է 14,9%-ով:
Սուբսիդիաներին հատկացվել է 25 մլրդ դրամ (60 մլն դոլար, ընթացիկ ծախսերի 2,5% -ը), որից 20,3 միլիարդը՝ պետական կազմակերպություններին: 2012-ի համեմատ սուբսիդիաների ծավալն ավելացել է 18,6%-ով:
Ընթացիկ ծախսերի 20,6%-ը կամ 209,5 մլրդ դրամ կազմել են մնացած ծախսերը, որոնք 2012-ի համեմատ աճել են 72,3%-ով:




























