Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաք կանցկացնի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ քառյակի հերթական հանդիպումից հետո:

«Այո, կա կոնսենսուս նաեւ միասնական հանրահավաքի հարցում, բայց պիտի նորից հայտարարեմ, որ հանրահավաքի անցկացման վերջնական ժամկետը կքննարկվի ավելի ուշ»,-հայտարարել է Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ կքննարկվի նաեւ մարզերի բնակչության հետ հանդիպումների հնարավորությունը:

Նշենք, որ ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցությունում: ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: