Արմավիրի  մարզն ու  Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասը կհամագործակցեն: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է  Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը՝   երկրամասի գործադիր մարմնի ղեկավար,  հեթման Միրոսլավ Նովակի գլխավորությամբ: Մորավսկի-Սիլեզյան երկրամասը համագործակցում է Հայաստանի Արմավիրի մարզի հետ, եւ պատվիրակությունը ժամանել  է՝ հայ գործընկերների հետ փոխգործակցության ուղղությունները քննարկելու, համագործակցության հնարավորություններին տեղում  ծանոթանալու նպատակով:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝  նշել է, որ Հայաստանը  կարեւորում է  բարեկամ Չեխիայի հետ միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումն ու զարգացումը, եւ նման մակարդակով բազմակողմ համագործակցություն ծավալելու համար առկա են բոլոր նախադրյալները: «Կառավարությունը խրախուսում է  բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, եւ մենք պատրաստ ենք  աջակցել համատեղ  փոխշահավետ  ծրագրերի իրականացմանը»,-նշեց փոխվարչապետը:  Ա. Գեւորգյանը  հեռանկարային  համարեց մասնավորապես  գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման  ոլորտներում փոխգործակցությունը:

Միրոսլավ Նովակը նշեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ գործարարներ, ովքեր այցի ընթացքում կծանոթանան հայկական շուկային, կնախանշեն հետագա գործակցության ուղղությունները:  Չեխ գործարարների համար հետաքրքիր կարող են լինել գյուղատնտեսության, Հայաստանից  գյուղմթերքի արտահանման, Չեխիայից գյուղտեխնիկայի ներկրման  ուղղությունները,  ուսումնասիրվում են նաեւ  այլ ոլորտներում գործակցության հնարավորությունները: 

Կողմերը կարեւոր համարեցին գործարար շփումների ակտիվացումը: Նշվեց, որ երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապի առկայությունը եւս բարենպաստ պայմաններ է ստեղծում առեւտրատնտեսական հարաբերությունների  զարգացման համար: