Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետի խոստման կյանքի ժամկետն ընդամենը 4 օր է: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում պետբյուջեի կատարողականի լսումներին: Փաշինյանը հիշեցրել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու ընտրություններից առաջ խոստացել էր, որ տրանսպորտի ուղեվարձը նույնն է մնալու: «Եթե այդպես է, ապա մինչեւ Ավագանու հաջորդ ընտրությունները ուղեվարձը չպետք է փոխվի: Ինչո՞ւ է այժմ այդ հարցը քննարկվում»,- հավելել է Փաշինյանը:

Ի պատասխան Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը նկատել է, թե հայտարարությունն արվել էր 2013թ. մարտի 28-ին եւ վերաբերում էին ապրիլի 1-ից տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրերին: «Տարոն Մարգարյանը հերքել էր լուրերը, թե ուղեվարձը թանկանալու է 2013թ. ապրիլի 1-ից: Բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանը չի քննարկելու հետագայում ուղեվարձի թանկացման հարցը, ինչը եւ անում է հիմա»,- ասել է Արեյանը:

Այդ կապակցությամբ Փաշինյանն ասել է. «Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետի խոստման կյանքի ժամկետն ընդամենը 4 օր է՝ մարտի 29, 30, 31 եւ վերջապես ապրիլի 1: Վերջ, ապրիլի 2-ից կարելի է թանկացնել: Այդպե՞ս է»:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին ուղեվարձը 100-ից 150 դրամթ անկացնելու որոշումը հարուցեց բնակչության բուռն հակազդեցությունը եւ հարցի քննարկումը հետաձգվեց: