Հայաստանն այսօր կորցնում է իր քաղաքական ինքնուրույնությունը եւ եթե դասեր չքաղի անցյալից, Հայաստանի Առաջին հանրապետության բախտին է արժանանալու: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին,  «Հայ բոլշեւիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսին ասաց ժողովածուի կազմող. ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը։

«Եթե պարտվել ես, ապա պիտի դրանից դասեր սերտես, 1920թ. մենք պարտվել ենք, կորցրինք պետականությունը, այսօր մենք, ցավոք սրտի, կանգնել ենք այդ ճանապարհին եւ նույն ուղով ենք գնում, եւ այսօր մեր երկրի  դժբախտությունների մեծ մասը նրանից է, որ եւ ղեկավարությունը, եւ ժողովուրդը չի ձերբազատվել բոլշեւիկյան մտածելակերպից: Ինձ թվում է, որ ընթերցողը, ծանոթանալով ժողովածուին, գոնե կհասկանա՝ ինչ չպիտի անել»,- այսօր՝ մայիսի 27-ին «Մոդուս Վիվենդի» կենտրոնում կայացած ժողովածուի շնորհանդեսին ասաց ասաց Վլադիմիր Հարությունյանը։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, որն իր խոսքում նշեց, որ նման հրատարակությունները անհրաժեշտությունն են այսօր:

«Այս գրքի անհրաժեշտությունն այն է, որ սա փաստաթղթերի ժողովածու է, եւ մենք տպագրում ենք նույնությամբ, ինչ ձեւով, որ պահպանվել է, որովհետեւ, ցավոք սրտի, պատմագիտությունը  միշտ եղել է քաղաքականացված, երբեմն նաեւ կուսակցականացված, եւ մարդիկ սեփական մտքերն են շարադրել: Մենք հիմա ասում ենք՝ մարդիկ գրագետ են, թող կարդան, իրենք վերաբերմունք ձեւավորեն»,-ասաց Արա Պապյանը:

Նա նշեց, որ գրքում, որը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հնավանդ գրքերի եւ վավերագրերի մատենաշարի երկրորդ հատորն է, զետեղված է նաեւ Միկոյանի հայտնի հակահայկական զեկուցագիրը Ղարաբաղի եւ Զանգեզուրի վերաբերյալ այն մասին, որ դրանք անպայման պետք է միացվեն Ադրբեջանին:

Գրքում ներկայացված է Առաջին հանրապետության 1919-20թթ. ժամանակաշրջանի 205 փաստաթուղթ, որոնք առաջին հանրապետության ներքին եւ արտաքին գործերի  նախարարություների արխիվներն են եւ Մաքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի փակ արխիվները: Հրապարակված փաստաթղթերում, ինչպես որ դա պահանջվում է արխիվային նյութերի պարագայում, պահպանված է փաստաթղթի բնագրում առկա ուղղագրությունը: