Ռուսական ռազմանավը չի մասնակցի «Բալտոպս-2014» զորավարժություններին, որոնք կկայանան հունիսին Բալթիկ ծովում, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը դրա մասնակցությունն անընդունելի է համարում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելը։

Նա հստակեցրել է, որ ռուսական ռազմանավի բացակայությունը այդ զորավարժություններին համապատասխանում է դաշինքի դիրքորոշմանը, որը հայտարարվել էր 2014-ի ապրիլի 1-ին։

Այդ օրը Ուկրաինայի դեպքերի հետ կապված որոշվել էր սառեցնել ՆԱՏԻ-ի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ՊՆ-ի հետ։ Հետեւաբար,  «Բալտոպս-2014»-ին ՌԴ-ի մասնակցությունը անտեղի է, ասել է Պշելը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ն պաշտոնապես դադարեցրել էր համագործակցությունը ՌԴ-ի հետ՝ ռազմական բոլոր հարցերով, պահպանելով միայն դիվանագիտական կապերը: