Այսօր Հայաստանն ավելի վատ վիճակում է, քան 1918թ.-ին էր, եւ պետականությունը կորցնելու վտանգի առջեւ է կանգնած։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիքգոմշյանը։

«Ազգովին եւ պետականորեն վերանալու վտանգ կա, եւ սրա պատճառը մեր մեջ ազգային գոյության բավարար ոգեղենություն չգտնելու մեջ է, եւ միայն մնում է, որ մենք մեր մեջ գտնենք այդ ոգեղենությունը, հստակորեն վճռենք, որ մենք ապրելու ենք եւ ապրելու ենք իբրեւ արժանապատիվ ազգ, արժանապատիվ քաղաքացի, արժանապատիվ պետություն։ Մնում է, որ ունենանք ռազմավարությունը, քայլերը դրանց հասնելուն, եւ ոչ մի արգելք չի կարողանալու մեզ հետ պահել մեր ազգային նպատակների իրագործումից»,-ասաց Ալեք Ենիքգոմշյանը։

Նա նշեց, որ իրենք գլուխ ենք խոնարհում Առաջին Հանրապետության հերոսների,  սխրագործությունների առաջ, եւ հաստատում, որ առանց այդ կամքի եւ վճռականության, որ նրանք ցուցաբերեցին այդ ժամանակ, մենք այսօր չէինք կարող գոյություն ունենալ, սակայն նրանք նաեւ գործել են սխալներ։

«Ցավոք մեր նախորդները գործեցին նաեւ սխալներ, որի հետեւանքով մենք կորցրեցինք մեր պետականությունը, նաեւ մեր տարածքները եւ հզորությունը։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք հետեւություններ անել այդ սխալներից, որոնցից  էին բանակի պաշտպանությունը բավարար կերպով չկազմակերպելը՝ հաշվի առնելով, որ չորս կողմից թշնամի պետություններով ենք շրջապատված, եւ առավել քան անհրաժեշտ է, այլ երկրների վրա հույս դնելը։ Այս երկու թերություններն էին, որ բերեցին այդ ժամանակվա հայկական պետականության հետզհետե թուլացման եւ արդեն փոքրացած վիճակում հանձնմանը Խորհրդային իշխանություններին»,-ասաց Ալեք Ենիքգոմշյանը։

Նրա կարծիքով՝ 1991թ. Հայաստանը միջազգային սուբյեկտի վերածվեց խաղաղ պայմաններում, սակայն իշխանությունները այդ անկախությունը իրենց նպատակների համար ծառայեցրին։

«Չունենալով երկրորդ պետականության ժամանակ հստակ ազգային նպատակ՝ իշխանությունն սկուտեղի վրա մատուցած անկախությունը ծառայեցրեց սեփական նպատակներին, եւ, փաստորեն, մենք հիմա գտնվում ենք պարադոքսալ վիճակում։ Ներկա վիճակի շարունակումը մեզ սպառնում է նույնպիսի վտանգներով, ինչպիսի վտանգներ մեզ սպառնում էին 1918-1919թթ։ Եթե վերջին տասը տարիներին մենք դանդաղ գնում էինք պետականության կործանման, ապա վերջին տարիներին այդ ընթացքը ավելի մեծ թափ է ստացել, եւ ազգային ոչնչացման սպառնալիքները ավելի վտանգավոր ձեւով բախում են մեր դռները»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Նախախորհրդանն» ունի վճռականություն եւ պատրաստ է երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից, եւ կոչ արեց բոլոր հայերին միանալ իրենց եւ կարճ ժամանակահատվածում իրականացնել դրական փոփոխություններ։