Չինացի ներդրողները որոշել են վերականգնել Ղրիմի տարածքում խորջրյա նավահանգստի շինարարության շուրջ ձմեռվա ամիսներին դադարեցված բանակցությունները: Այս տեղեկությունը, թերակղզու առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւին վկայակոչելով, «Իզվեստիա» թերթն է հաղորդում:

Նախագծի արժեքն առնվազն 3 մլրդ ԱՄՆ դոլար է կազմելու: Կառուցման ենթակա օբյեկտը Ղրիմի ամենախոշոր բեռնաթափ նավահանգիստն է դառնալու:

«Ռուբլու շահագործման եւ թերակղզու ջրամատակարարման հետ կապված արտահերթ խնդիրները լուծելուց հետո մտադիր ենք այդ նախագծին ձեռնամուխ լինել», - հայտարարել է Թեմիրգալիեւը:

Եւպատորիայի հարեւանությամբ նավահանգիստ կառուցելու մասին նախագծի վերաբերյալ առաջին անգամ 2013թ. դեկտեմբերի 5-ին` Վիկտոր Յանուկովիչի Չինաստան այցի ընթացքում է խոսվել: Այդ ժամանակ նույնիսկ մտադրությունների հուշագիր էր ստորագրվել նախագծի օպերատորների` Ղրիմում գործող «Կիեւհիդրոինվեստ» եւ չինական Beijing Interoceanic Canal Investment Management Co (BICIM) ընկերությունների միջեւ: