«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն պատրաստել է դիմումներ, որոնք քաղաքացիները պետք է ուղարկեն իրենց գործատուներին, եթե չեն ցանկանում իրենցից պահումներ արվեն: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
«Ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու եւ չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի եւ 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:
Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձեւանմուշները, որոնք կարող եք ներբեռնել եւ լրացնել, այնուհետեւ Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին: Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձեւանմուշ PDF, ձեւանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձեւանմուշ PDF, ձեւանմուշ DOC):
Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձեւանմուշ PDF,ձեւանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում՝ փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:
2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում նշելով միայն կազմակերպության անվանումը:
3. Նրանք ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին եւ ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին»:





























