Եվրասիական տնտեսական միությունը համընդհանուր եւ հասկանալի կանոններով կգործի, այդ թվում՝ ԱՀԿ-ում ընդունված սկզբունքների եւ նորմերի համապատասխան: Այս մասին Աստանայում Եվրասիական գերագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ «պայմանագիրը լիովին պատրաստ է ստորագրման», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ ընդհանուր կառուցողական տրամադրվածության եւ կողմերի՝ փոխզիջումներ գտնելու ունակության շնորհիվ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհին առկա շատ խոչընդոտներ եւ ժամանակին գնալ փաստաթղթի ստորագրման (նախատեսվել էր դա անել մինչեւ 2014թ. հունիսի 1-ը):
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ փաստաթուղթը երկրները ինտեգրման սկզբունքային նոր մակարդակ է տեղափոխում: «Ամբողջությամբ պահպանելով պետական ինքնիշխանությունը՝ մենք միաժամանակ տնտեսական առավել սերտ եւ հարթ համագործակցություն ենք ապահովում», - ասել է նա:
«Այսօր մենք միասին տնտեսական զարգացման հզոր եւ հրապուրիչ կենտրոն ենք ստեղծում, տարածաշրջանային խոշոր շուկա, որը 170 միլիոնից ավելի մարդ է միավորում», - հայտնել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ այդ միությանն է պատկանում աշխարհի գազի պաշարների մեկ հինգերորդը եւ նավթի պաշարների մոտ 15%-ը: Բացի այդ, «եռյակի» երկրներն ունեն արդյունաբերական զարգացած բազա, կադրային, մտավոր եւ մշակութային հզոր ներուժ», - հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ՄՄ տարածքում կսկսի գործել 2015թ. հունվարի 1-ից:



























