Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է նոր ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչեւ այս տարվա հունիսի 15-ը:
Այսօր՝ մայիսի 29-ին, Աստանայում ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է:
«Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման ժամկետ սահմանել մինչեւ այս տարվա հունիսի 15-ը»,-ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել, որ «2-3 օրվա ընթացքում կարելի է փոխընդունելի որոշումներ գտնել» մնացած հարցերում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սպասվում է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրն այսօր՝ մայիսի 29-ին կստորագրեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները:




























