Հայաստանի կառավարությունը չի ընդունել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորների` փոքր բիզնեսին շրջանառության հարկից ազատելու նախաձեռնությունը: Ինչպես կառավարության մայիսի 29-ի նիստին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է նշել, պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ մյուս համահեղինակների` Բազմասեր Առաքելյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի կողմից ներկայացված` առեւտրի եւ արտադրության փոքր սուբյեկտներին շրջանառության 3,5 տոկոս հարկից ազատելու մասին առաջարկության ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ այն գործարքների փաստաթղթավորման պահանջների խստացում չի ենթադրում, ինչի արդյունքում «ստվերի» կրճատման հաշվին հարկերի հավաքագրումն ավելացնելու եւ շրջանառության հարկից հրաժարումը փոխհատուցելու հնարավորություն կստեղծվեր:

Ֆինանսների նախարարությունը անհիմն է համարում շրջանառու միջոցների աճի հաշվին նոր աշխատատեղերի ստեղծման մասին փաստարկը, նշելով, որ հարկատուների 77 տոկոսը (շուրջ 38 հազար սուբյեկտ) անհատ ձեռնարկատերեր են, այսինքն` վարձու աշխատողներ չեն պահում:

Նշենք, որ «հարցի տարեկան գինը» շուրջ 20,6 մլրդ դրամ է կազմում: Շրջանառության հարկը տարեկան 58,35 մլն դրամից ցածր շրջանառություն ունեցող տնտեսավարողներն են վճարում: