Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի եւ Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջեւ ձեւավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային եւ հումանիտար կապերի զարգացմանը:

«Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարեւորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: 

Միրոսլավ Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ տեղեկացրել, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գործարարներ, ովքեր  գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում` գյուղատնտեսության եւ զբոսաշրջության: Աշխատանքներ են տարվում նաեւ Երեւան-Օստրավա չարտերային չվերթների կազմակերպման ուղղությամբ:

Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ երկու երկրների գործարարների միջեւ արդեն իսկ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Վարչապետը կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները եւ նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու մարզերի միջեւ փոխգործակցության զարգացմանը: